Հայաստանյան երեք կուսակցություններ ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր
Քաղաքական
12:23 12/12/2016
Հայաստան

Հայաստանյան երեք կուսակցություններ ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր

Քիչ առաջ Երևանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստորագրեցին  2017 թվականի խորհրդարանական ընտրություններին համատեղ համագործակցության վերաբերյալ հուշագիր:

Փաստաթղթի ներքո ստորագրեցին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, Արամ Սարգսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, Էդմոն Մարուքյանը:
 

«Թող աստված մեզ պահապան լինի, որ փրկենք Հայաստանը»,-ստորագրումից հետո իր ելույթում ասաց Ս. Միքայելյանը՝ շնորհավորելով ներկաներին: 

Նա դիմեց ժողովրդին, երկրի ապագայով մտահոգ անձանց՝ հավատալ ու վստահել իրենց, ինչն էլ կդառնա այդ քաղաքական այդ ուժի հաղթանակների գրավականը:

Հուշագրում ասված է.
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝

– հավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը,

– գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը,

– ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից,

– ականջալուր լինելով հակասությունները հարթելու և համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին,

Համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին:
Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝

ա) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով:

բ) համատեղ գործունեության (այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով:

գ) համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ:

դ) հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ։

ե) արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա և նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատև ու կայուն զարգացումը:

Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ

Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի նախագահ

Սասուն Միքայելյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ»։

Placeholder
Հայաստանյան երեք կուսակցություններ ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր